• Health & Wellbeing
  • Parenthood & Caregiving

Ինչպես կորոնավիրուսային համաճարակը (Covid-19) արագացրեց փոփոխությունները. Նորամուծություններ ծնողների հետ աշխատանքում. Իսրայել

minute read

Featured in Journal 2020

Prefer another language?

Foto: Kateryna/Adobe Stock (adjusted).

minute read

Do you want this article available in another language?

Կովիդ-19 համավարակը սկսվեց «Իսրայելի բուժքույրերի առաջնորդության ծրագրի» համար ամենաանհարմար ժամանակ։ Մենք համարյա ավարտում էինք առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվող բազմամյա ծրագրի առաջին փուլը։ Ծրագրի նպատակն է զարգացնել «Տիպատ Հալավ» ծառայությունների (վաղ մանկության առողջապահական կենտրոններ) հնարավորությունները` ծնողների պահանջները բավարարելու և դրական ծնողավարման հմտությունները խթանելու համար: Ծրագիրը նպատակ էր դրել ձևավորել առաջատարների մի խումբ, ովքեր կարող էին փորձարկել ծառայության կողմից մշակված նորարարություններն ու փոփոխությունները։

Ծրագրի երկրորդ փուլը պետք է դառնար «նորարարական լաբորատորիա», որի ընթացքում աշխատելու էինք բուժքույրերի խմբի հետ «դիզայն-մտածողություն» (Design Thinking) մեթոդով՝ «Տիպատ Հալավի» համար ծնողավարման դրական վարքագծի խթանման նորարարական ուղիներ մշակելու նպատակով: Քանի որ համաճարակը ստիպեց չեղարկել դեմ առ դեմ հանդիպումները, մենք երկընտրանքի առջև կանգնեցինք: Մի կողմից զգում էինք, որ շատ կարևոր է ծրագրի ընթացքի շարունակականության պահպանումը, մյուս կողմից նաև հասկանում էինք, որ «նորարարական լաբորատորիան» անձնական հանդիպումներ է ենթադրում։

Մեզ համար դժվար էր պատկերացնել, որ այդ աշխատանքը նույն հաջողությամբ կարող էր նաև առցանց կազմակերպվել։ Մենք նաև գիտակցում էինք, որ մասնակիցները որպես հանրային առողջապահության բուժքույրեր, համավարակի շրջապտույտի կենտրոնում կլինեին և նրանց համար դժվար կլիներ կենտրոնանալ և ներգրավվել ծրագրի աշխատանքներում։ «Տիպատ Հալավ» կենտրոնները բաց էին համաճարակային սահմանափակումների ողջ ընթացքում, մինչդեռ համայնքային ծառայությունների մեծ մասը չէր աշխատում: Բուժքույրերին հանձնարարվել էր կրճատել դեմ առ դեմ հանդիպումները և նվազագույն մակարդակով իրականացնել միայն նորածինների զննումներն ու պատվաստումները և, ըստ անհրաժեշտության, օգտագործել հաղորդակցության և տեղեկատվության այլ ձևեր:

Փոխարենը որոշեցինք բուժքույրերի համար վեբինարների մի շարք սկսել՝ համաճարակի ընթացքում իրենց աշխատանքի յուրահատուկ դժվարություններին առնչվող թեմաներով։ Ինչպե՞ս արդյունավետ համագործակցել ծնողների հետ, երբ այցելությունները կարճատև են, իսկ ծնողները լարված ու մեկուսացած: Ինչպե՞ս կառավարել սթրեսը և անորոշության զգացումը: Ինչպես հոգ տանել ինքդ քո մասին: Ինչպե՞ս լուծել ադմինիստրատիվ խնդիրները: Այս հանդիպումների ընթացքում մենք գիտելիքների ու հմտությունների հետ մեկտեղ ժամանակ տրամադրեցինք, որպեսզի մասնակիցները կարողանան վերլուծել սեփական աշխատանքը աջակցելով մեկը մյուսին: Մասնակցությունը կամավոր էր. հանդիպում էինք կամ աշխատանքային ժամերին, կամ երեկոյան: Ե՛վ մասնակցության տոկոսը, և՛ ներգրավվածությունը բավականին բարձր էին։

Հանդիպումներ ծնողների հետ ZOOM հարթակում

Առցանց հանդիպումների այս փորձառությունից հետո բուժքույրերից մեկը մտածեց, որ կարող է նպատակահարմար լինել նման հարթակն օգտագործել նաև մայրերի խմբերի հետ հանդիպումների համար, որոնք սովորաբար կազմակերպվում էին բժշկական կենտրոնում։ Նա մի շարք առցանց հանդիպումներ անցկացրեց երիտասարդ մայրերի համար, որոնք ջերմ և դրական արձագանքներ ստացան: Մասնակիցները, որոնք մեկուսացած էին իրենց ընտանիքներից և համայնքային աջակցության համակարգերից, հատկապես շփման, ուղղորդման և աջակցության կարիք ունեին:

Մի քանի շաբաթվա ընթացքում նախաձեռնությանը միացան շրջանի այլ բուժքույրեր, ինչպես նաև այլ տարածաշրջանների բուժքույրեր ու բժշկական կենտրոնների ղեկավարներ։ Աստիճանաբար մեծանում էր ծնողական խմբերի քանակը, ում համար կազմակերպվում էին առցանց հանդիպումներ, որոնք առցանց վեբինարների, հանդիպումների և թերապիայի ավելի ընդգրկուն ծրագրի մի մասն էին կազմում։ Հանդիպումները սովորաբար որոշակի կառուցվածք ունեին և ընդգրկում էին թեմաների լայն շրջանակ, ինչպիսիք են ծնող-երեխա կապվածությունը, կրծքով կերակրումը, երեխաների զարգացման խթանումը խաղի միջոցով, կոշտ սննդի ներմուծումը, նույնիսկ առաջին օգնության դասընթացներ էին կազմակերպվում:

Երբ վեբինարների ընթացքում բուժքույրերը խոսում էին ZOOM-ի միջոցով ծնողական խմբերի հետ իրենց աշխատանքի մասին, հասկացանք, որ այս ծառայության համար էապես կարևոր մի ուղղություն զարգացնելու հնարավորություն կա անկախ համաճարակի ընթացքից: Ծրագրի հետ համագործակցող հիմնադրամների և առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկեցինք տեղական նախաձեռնությունը ընդլայնելու հնարավորությունը և ստացանք նրանց աջակցությունը։

Ծրագրին մասնակցող բուժքույրերին հրավիրեցինք միանալու այս նախաձեռնությանը, նրանցից ավելի քան 20-ը միացան մեզ: Մենք նրանց առաջարկեցինք խմբերի հետ առցանց աշխատելու արագացված դասընթացներ, ինչպես նաև ապահովեցինք շարունակական տեխնիկական աջակցություն և օգնություն բովանդակության մշակման ու վերահսկման հարցերում:

Ընթացքում խոչընդոտներ եղան, և ծրագրերը մի քանի անգամ փոխվեցին, բայց մենք բուժքույրերի հետ աշխատեցինք բովանդակության մշակման վրա, և նրանք այժմ պարբերաբար առցանց հանդիպումներ են անցկացնում ծնողների խմբերի հետ: Եթե այս փորձնական ծրագիրը շարունակի հաջող արդյունքներ ունենալ, սա լրացուցիչ հիմնավորում կլինի կառավարության համար, որ ներդրումներ անեն հեռա-առողջապահական ոլորտում՝ որպես «Տիպատ Հալավի» լրացուցիչ ծառայություն:

Փոփոխությունների ընթացքից քաղած դասեր

«Տիպատ Հալավի» կողմից մատուցվող որոշ ծառայությունների թվայնացման հարցը, ի պատասխան ծնողների բազմաթիվ դիմումների, արդեն երկար ժամանակ նախարարության օրակարգում էր: Սակայն միշտ էլ քաղաքական, վարչական և տեխնիկական խոչընդոտներ կային, որոնք դժվար էր հաղթահարել: Օրինակ որոշ կենտրոններ չունեին բարձրորակ ինտերնետային կապ, այդ պատճառով էլ համավարակի ընթացքում ZOOM-ով աշխատող բուժքույրերի մեծ մասն աշխատանքը կազմակերպում էր տանից։ Ծրագիրը ֆինանսավորեց փորձնական փուլում ընդգրկված բուժքույրերի համար պլանշետների ձեռքբերումը, որը տվյալ դեպքում կարճաժամկետ տեխնոլոգիական լուծում էր: Այդ ընթացքում առողջապահության նախարարությունն աշխատում էր կենտրոնները միմյանց հետ կապելու և երկարաժամկետ լուծումներ մշակելու համար Իսրայելի այլ առողջապահական կազմակերպությունների կողմից օգտագործվող առցանց հարթակի հիման վրա։

Երբ վեբինարների ընթացքում բուժքույրերը խոսում էին ZOOM-ի u միջոցով ծնողական խմբերի հետ իրենց աշխատանքի մասին, հասկացանք, որ այս ծառայության համար էապես կարևոր մի ուղղություն զարգացնելու հնարավորություն կա անկախ համաճարակի ընթացքից:

COVID-19-ի հետ կապված ճգնաժամի հետևանքով տեղական մակարդակում իրականացված փորձարկումներն անսպասելիորեն արագացրեցին փոփոխությունների ընթացքը, որոնք պլանավորված էին ավելի ուշ ժամանակի համար: Դրանց միջոցով մենք սովորեցինք, թե ինչպես կառավարել նորարարությունների ու փոփոխությունների ընթացքը:

Մենք տեսանք համայնքների և տարածաշրջանների տարբերությունները առկա ռեսուրսների, ճկունության և նորարարական ոգու տեսանկյունից: Մենք հասկացանք, որ ավելի հեշտ և արդյունավետ է տեղերում աշխատել նորարար և ունակ համայնքների հետ, քան աշխատանք ծավալել համազգային մակարդակով: Մենք համոզվեցինք, որ տեղերում աշխատող մարդկանց հաջողություններն ավելի նկատելի են, քան ամբողջ երկրի մասշտաբով կենտրոնացված աշխատանքների դեպքում: Բայց որպեսզի տեղական նորարարություններն ավելի լայն մասշտաբով հաջողության հասնեն, անհրաժեշտ է, որ ղեկավարությունը կենտրոնացված աշխատի: Տեղական համայնքներում աշխատող մարդիկ կարող են ճանապարհ բացել ավելի բարձրաստիճան գործիչների համար, ովքեր հետագայում կարող են միանալ նրանց:

Եթե նայենք ընդհանուր պատկերին, ապա պարզ կդառնա, որ «Իսրայելի բուժքույրերի առաջնորդության ծրագրի» առաջին փուլի հաջողությունը նույնպես նշանակալի դեր խաղաց և նպաստավոր պայմաններ ստեղծեց փոփոխությունների համար։ Համեմատաբար կարճ ժամանակում մենք ստեղծեցինք լավ պատրաստված և շահագրգիռ մասնագետների ուժեղ խումբ: Միասին սովորելու ընթացքում նրանք ձեռք բերեցին ընդհանուր մտածելակերպ և մոտեցումներ: Նրանք ոգևորված էին, նվիրված և նույնիսկ մեկուսացման և սահմանափակումների պայմաններում ցանկանում էին պահպանել կապը միմյանց հետ: Պակաս կարևոր չէր նաև այն հանգամանքը, որ ծրագրին հաջողվեց արժանանալ հանրային առողջապահական ծառայությունների և բուժքույրական վարչակազմի վստահությանը, ուստի նրանք ուրախ էին, որ մենք կարողանում ենք ինքնուրույն աշխատել։ Սա ցայտուն օրինակ է այն բանի, թե ինչպես ճիշտ հարաբերություններ կառուցելով` կարող ենք նաև ճկուն դառնալ ճգնաժամային իրավիճակներում:

Ի վերջո, մենք սովորեցինք չթերագնահատել հնարավոր ձեռքբերումները։ Երբ սկսվեց COVID-19 համավարակը, մտածում էինք, որ անհնար է առցանց ձևաչափով ծրագիր իրականացնել, բայց այն ոչ միայն հաջողվեց, այլ նաև խթանեց նորարարական մոտեցումների ներդրումը դրական ծնողավարման վարքագծի խրախուսման ուղիների մշակման հարցում:

Send us feedback about this article

This feedback is private and will go to the editors of Early Childhood Matters.

    Early Childhood Matters
    Privacy Overview

    This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.